Ողբերգական ավտովթար.Ստեփանավանում շղթայական վթարի պատճառով 3 երեխա է տուժել, 11 տարեկան աղջնակը մահացել է

1950 թվականին ծնված Մարտուն Կ.-ն դեպքի պահին՝ 2016 թվականի օգոստոսի 3-ին, 66 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Պատահարի արդյունքում 11 տարեկան աղջնակ է մահացել:

Մարտուն Կ.-ն որպես մեղադրյալ ներգրավվել էր դեպքից համարյա երկու տարի անց՝ 2018 թվականի փետրվարի 19-ին, իսկ երեք ամիս անց՝ 2018 թվականի մայիսին, երբ գործն արդեն ընդունվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ, 68-ամյա ամբաստանյալ Մարտուն Կ.-ն մահացել է…Մինչև գործի դատաքննությունը սկսվելը՝ 2018 թվականի հունիսի 8-ի դատական նիստում, Մարտուն Կ.-ի որդին դատարանին է ներկայացրել հոր մահվան վկայականը և միաժամանակ միջնորդել է Մարտուն Կ.-ի իրավունքների վերականգնման նպատակով գործի վարույթը շարունակել:

Ամբաստանյալի որդին դատարանի կողմից ճանաչվել է որպես ամբաստանյալի իրավահաջորդ, և գործի քննությունը շարունակվել է:

Ըստ Մարտուն Կ.-ին առաջադրված մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 20-ն անց 25-ի սահմաններում Մարտուն Կ.-ն իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով Ստեփանավանի Բաղրամյան փողոցով դեպի քաղաքի կենտրոն ընթանալիս Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկից դեպի Վանաձոր ուղղությամբ ընկած հատվածում խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները և մեքենան վարել է ճանապարհի ձախակողմյան երթևեկելի ուղեմասով, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն,

խոչընդոտ է ստեղծել Բաղրամյան փողոցի՝ դեպի Վանաձոր տանող երթևեկելի ուղեմասով 81 կմ/ժ-ից ավելի արագությամբ ընթացող Հակոբ Ս.-ի վարած «Տոյոտա Լենդ Կրուզեր» մեքենայի երթևեկության համար, առջևի աջ անկյունային ու աջ կողային առջևի մասով ընդհարվել է այդ մեքենայի աջ կողային մասին, որից հետո «Տոյոտա Լենդ Կրուզերը» ձախ կողային մասով ընդհարվել է Բաղրամյան փողոցի՝ դեպի Ստեփանավանի կենտրոն տանող ուղեմասով ընթացող Արման Չ.-ի վարած «ՎԱԶ-2106» մեքենայի առջևի ձախ անկյունային և ձախ կողային մասերին:

Ըստ մեղադրանքի՝ Մարտուն Կ.-ն իր գործողություններով պայմանավորել է տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Պատահարի արդյունքում «ՎԱԶ-2106» մեքենայում գտնվող անչափահաս՝ 11-ամյա ուղևոր Աննա Չ.-ն մահացել է, նրա անչափահաս քրոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, նույն մեքենայի վարորդի ու նրա կնոջ առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Պատահարի մի քանի մասնակիցների, այդ թվում՝ «ՎԱԶ-2106»-ի վարորդի անչափահաս որդու առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Դատարանը հրապարակել է Մարտուն Կ.-ի նախաքննական ցուցմունքը: Նա իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե ավտովթարն իր մեղքով չի տեղի ունեցել:Ըստ Մարտուն Կ.-ի՝ մինչև դեպքը իր մեքենան կայանված էր Ստեփանավանի Բաղրամյան փողոցում, իր տան դիմաց՝ աջակողմյան երթևեկելի ուղեմասում: Փողոցի այդ հատվածից շարժվելուց հետո, տեսնելով, որ մեծ արագությամբ՝ մոտ 140-160 կմ/ժ արագությամբ իրեն հանդիման՝ իր ուղեմասով ընթանում է «Տոյոտա Լենդ Կրուզերը», այդ մեքենային բախվելուց խուսափելու համար ստիպված է եղել իր մեքենան վարել դեպի փողոցի ձախակողմյան երթևեկելի ուղեմաս: Այդ ընթացքում, ըստ Մարտուն Կ.-ի, Բաղրամյան-Երիտասարդական խաչմերուկը փորձում էր հատել մի տղամարդ: Այդ հետիոտնին վրաերթի չենթարկելու նպատակով է «Տոյոտան» մանևր կատարել, բախվել է իր մեքենայի առջևի հատվածին, հետո՝ «Վազ-2106»-ին:

Մարտուն Կ.-ն նշել է, թե իր կողմից հիշատակված հետիոտնը նույնիսկ մոտեցել է իր տան բակին ու մի քանի կանանց ներկայությամբ ասել է. «Տեսա՞ք, էդ ոչխարը ինձ տակն էր գցում»: Հետիոտն տղամարդը վախեցած էր, նա ջուր է խնդրել բակում գտնվող կանանցից: Միևնույն ժամանակ Մարտուն Կ.-ն չի կարողացել նկարագրել հետիոտնին, ասել է, թե նրան չի ճանաչում, նա կլիներ 50 տարեկան, մի քիչ ճաղատ էր , հագին՝ կոստյում:

Դեպքից անմիջապես հետո այդ հետիոտնի մասին տեղեկություններ չհայտնելը, այդ մասին միայն 1,5 տարի անց հայտնելը Մարտուն Կ.-ն բացատրել է նրանով, որ ցանկացել է ինքնուրույն գտնել այդ տղամարդուն, նոր միայն հայտնել նրա մասին՝ իր «խելքն այդքան է հասել»…

Մարտուն Կ.-ն պնդել է, թե ինքը ձախակողմյան երթևեկելի ուղեմաս է մանևրել մեծ արագությամբ իրեն հանդիման եկող «Տոյոտային» չբախվելու նպատակով, ինքը մեղավոր չէ պատահարի առաջացման համար:

Մարտուն Կ.-ն նշել է, թե պատահարի մյուս մասնակիցները սուտ տեղեկություններ են հայտնել, նրանց բոլորին «առել էին» «Տոյոտայի» վարորդի հարազատները… Ինքն այդ մասին ստույգ տեղեկատվություն չունի, այդպես է կարծում, քանի որ բոլորի ցուցմունքները հակասում են իր տված ցուցմունքներին…

Դեպքի պահին Բաղրամյան-Երիտասարդական խաչմերուկը հատող հետիոտն այդպես էլ չի հայտնաբերվել, Մարտուն Կ.-ի ներկայացրած վարկածը գործի քննությամբ չի հաստատվել: Պատահարի մյուս մասնակիցներից ոչ ոք խաչմերուկը հատող հետիոտն տեսելու մասին չի հայտնել…

Մարտուն Կ.-ն նշել է, թե վթարից հետո ինքը մոտեցել է վթարված «ՎԱԶ-2106» մեքենային, որի մեջ կային տուժած երեխաներ: Հավաքված մարդիկ մեքենայից հանել են երեխաներին, ինչպես նաև մի կնոջ ու տղամարդ վարորդին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Մարտուն Կ.-ն հայտնել է նաև, թե մոտեցել է «Տոյոտա» մեքենային ու տեսել է, որ վթարից վնասվել են մեքենայի աջ ու ձախ կողային հատվածները, աջ կողմի երկու անիվները պոկվել էին…

Ըստ Մարտուն Կ.-ի՝ պատահարի համար մեղավորը եղել է «Տոյոտայի» վարորդը:

Դատարանն արձանագրել է, որ Մարտուն Կ.-ն հակասական ցուցմունքներ է տվել «Տոյոտայի» վարորդ Հակոբ Ս.-ի հետ առերես հարցաքննության, ինչպես նաև քննչական փորձարարության, տուժողների ու վկաների հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Տուժող Արման Չ.-ն հայտնել է, թե դեպքի օրը իր «ՎԱԶ-2106» մեքենայով իր կնոջ, անչափահաս՝ երկու տարեկան որդու, ինչպես նաև հորեղբոր թոռների՝ անչափահաս երկու աղջիկների հետ Բաղրամյան փողոցով ընթանում էր դեպի քաղաքի կենտրոն՝ երեխաներին տանում էր քաղաքի հրապարակ՝ զբոսնելու:

Աղջիկներից մեկը նստել է իր՝ վարորդի կողքին, իսկ մյուս աղջիկը՝ Աննան, նստել էր մեքենայի հետևի նստատեղի ձախ մասում: Հետևի նստատեղին էին նստած նաև իր կինն ու որդին: Ինքը մեքենան վարում էր մոտ 50 կմ/ժ արագությամբ: Բաղրամյան-Երիտասարդական խաչմերուկին շուրջ 100 մետր չհասած՝ իր մեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ իր ընթացքի ուղղությամբ՝ փողոցի կենտրոնական ու ձախակողմյան ուղեմասում տեսել է առջևի մասով դեպի քաղաքի կենտրոն՝ «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որը կամ կանգնած էր կամ շատ դանդաղ էր շարժվում: Հենց «Ֆորդը» տեսնելուն պես այդ մեքենայի առջևի աջ անկյունին է բախվել դեպի Վանաձոր մեծ արագությամբ ընթացող «Տոյոտան», որին ինքը մինչ այդ չէր տեսել: «Ֆորդին» բախվելու պահին պոկվել է «Տոյոտայի» աջ կողային անիվը, որից հետո «Տոյոտան», շարունակելով իր մեքենայի առջևի աջ հատվածի ուղղությամբ ընթացքը, մեկ-երկու անգամ աջ ու ձախ է ճոճվել, ապա առջևի մասով թեքվել է դեպի աջ ու ձախ, կողասահքով ընթացել է դեպի իր մեքենան: «Տոյոտայի» հետ բախումից խուսափելու նպատակով ինքը ղեկը թեքել է դեպի աջ, բայց մի վայրկյանում «Տոյոտան» ձախ կողմով ուժեղ բախվել է իր մեքենայի առջևի ձախ եզրին, որից հետո ինքը կորցրել է գիտակցությունը…

Պատահարի արդյունքում բոլորը ստացել են վնասվածքներ: Իր որդուն ու Աննային տեղափոխել են Երևանի հիվանդանոց, կնոջը Երևանի հիվանդանոց են տեղափոխել հաջորդ օրը: Օրեր անց՝ օգոստոսի 22-ին, հիվանդանոցում մահացել է հորեղբոր թոռնիկը՝ Աննան:

Ինքը խոսակցություններից իմացել է, որ «Ֆորդը» վարել է Մարտուն Կ.-ն, իսկ «Տոյոտան»՝ ՌԴ-ում բնակվող Հակոբ Ս.-ն:

Տուժող Արման Չ.-ն Մարտուն Կ.-ի հետ առերես պնդել է, որ վերջինիս «Ֆորդը» աջ մայթեզրին կանգնած չի եղել կամ այդ հատվածից չի շարժվել, այդ ուղեմասը եղել է ազատ: Արման Չ.-ն կարծիք է հայտնել, թե Մարտուն Կ.-ի վարած «Ֆորդը» դուրս է եկել կամ փողոցի ձախ հատվածից կամ ձախ մայթեզրին կանգնած հատվածից է շարժվել:

Ոստիկանությունից ստացված գրությամբ՝ պատահարից հետո ձեռնարկված միջոցառումների ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն՝ Մարտուն Կ.-ի վարած «Ֆորդ» մեքենան մինչև վթարը կայանված է եղել իր տան բակում՝ փողոցի ձախակողմյան հատվածում, որտեղից հետընթաց դուրս է եկել Բաղրամյան փողոց ու ձախ ուղեմասով շարժվել է դեպի Ստեփանավանի կենտրոն…

Դատարանը եզրակացրել է, որ «Տոյոտայի» վարորդ Հակոբ Ս.-ի արարքների մեջ հանցակազմը բացակայել է, նախ՝ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու «Ֆորդի» հետ բախումը, այդ ընդհարման հետևանքով մեքենայի կայունությունն ու կառավարելիությունը կորցրած լինելու պայմաններում չի ունեցել նաև «ՎԱԶ-2106»-ի հետ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն: Այդ արարքների համար Հակոբ Ս.-ն չի կարող քրեական հետապնդման ենթակա լինել: Ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի արագությունը գերազանցելու համար Հակոբ Ս.-ն ենթակա է վարչական պատասխանատվության:

Դեպքից հետո Հակոբ Ս.-ին բարեկամը տարել էր իր տուն: Նույն բարեկամը դեպքից հետո ներկայացել է ոստիկանություն և հայտնել է, թե ինքն է եղել «Տոյոտայի» ղեկին, սակայն հաջորդ օրը Հակոբ Ս.-ն ներկայացել է ոստիկանություն, հայտնել է, որ «Տոյոտայի» ղեկին վթարի պահին եղել է ինքը: Քանի որ հաստատված չէ Հակոբ Ս.-ի մեղավորությունը պատահարի առաջացման համար, հետևաբար նա չի կարող պատասխանատվության ենթարկվել նաև պատահարի վայրը թողնելու համար…Դատարանը հանգել է եզրակացության, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդ Մարտուն Կ.-ի մեղավորությունը գործի քննության ընթացքում հաստատվել է:

Քրեական գործի վարույթը կարճվել է ամբաստանյալի մահվան պատճառով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *