Եթե այդպիսի մարդ կա, որ ցանկանում է Ամուլսարի հանքը բացվի, ուրեմն նա ազգի թշնամի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Գևորգ Զնաբերդցին:«Ես զոհվածի ծնող եմ, Ջերմուկը ունեցել է 28 զոհ, այս լավ տղաները այս հող ու ջրի համար գնացել, պայքարել են, իրենց կյանքը տվել են: Այս անգրագետ պատգամավորները մեր ընտրյալներն են, մի՞թե ոչ մեկ չի կարող խոսել: Նրանք բոլորն էլ ազգի թշնամիներն են, մեր ընտրյալ պատգամավորները, թող հրաժարական տան, մյուս օրն էլ թող Փաշինյանը պատրաստվի հրաժարական տա, քանի որ ժողովրդի կողմը չէ»,- ասաց նա և հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով խոսք է տվել՝ երբ ժողովրդի կողքին չկարողանա կանգնել, հրաժարական կտա:«Այդ սափրագլուխ «Լիդիանի» շեֆը իր փողերով առել է թե՛ նախկինին, թե՛ հիմա: Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի էլ հրավիրել է հանդիպման, բայց դպրոցի տնօրենը գնալու է այնտեղ ի՞նչ ասի: Իր պաշտոնը թողելու է, գնա ժողովրդի համար մտածի՞»,-ասաց նա և նշեց, որ վարչապետը այնպիսի մարդկանց է հրավիրել, որ համաձայնեն հանքի շահագործմանը:«Թե՛ ավագանին, թե՛ քաղաքապետը, բոլորն էլ ասելու են՝ համաձայն են, իսկ ես չեմ ասելու: Տղաս զոհվել է թուրքերի ձեռքով, թող ես էլ զոհվեմ հայերի ձեռքով: Պետք է այնպիսի մարդ գնա, որ կարողանա ասի` «ընկե՛ր Փաշինյան, մենք ազգովի ձեզ ընտրել ենք, ուրեմն խնդրում ենք ժողովրդի կողմը կանգնել»: Այս քաղաքը ճանաչվել է ամբողջ աշխարհով մեկ որպես տուրիստական քաղաք, հիմա մի քանի դրամի համար կարելի՞ է ազգին ծախել: Ես խնդրում եմ, թող բոլորը խելքները հավաքեն գլուխը ու կանգնեն ժողովրդի կողքին»,-ասաց նա:
«Ես զոհվածի ծնող եմ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի կողմը չէ, Նրանք բոլորն էլ ազգի թշնամիներն են»…
