Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր գիշերը Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել։ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ КамАЗ մակնիշ.777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ BMW-ում հայտնաբերվել է վարորդ՝ Վարոս Մարկոսյանի եւ 2 ուղեւորներ՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանի եւ 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանի մոխրացած դիերը։ Նրանք Պռոշյան գյուղից էին։

ArmDaily.am-ի հետ զրուցում Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը հայտնեց, որ դեպքի ժամանակ նրանք Իրանից էին վերադառնում։«Վարոս Մարկոսյանը մոտ 25 տարեկան էր, ապրում էր մոր ու եղբոր հետ, իսկ ուղևորները նույն համայնքի բնակիչներ էին՝ մայր ու դուստր, դուստրը ամուսնացած չէր, իսկ մայրը ոչ քաղաքացիական ամուսնության մեջ էր, վերջիններս տուն չունեին»,- ասաց համայնքապետը։

Մուրադյանի խոսքով նրանք միասին առևտրով էին զբաղվում. «Պարսկաստան էին գնում գալիս, ապրանք էին բերում ծախում»։