Ադրիանա Գալստյան, հեռուստադիտողի համար՝ պարզապես «Ֆուլ Հաուսի» Էլլա, ով սիթքոմում հայտնվեց վերջերս: Ադրիանան սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հայերեն-անգլերեն թարգմանություն բաժնի երրորդ կուրսում: Դերասանուհին նախ լուսանկարվել է BlogNews.am-ի համար, իսկ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչու որոշեց փոխել անունը, մոդելային կարիերա սկսել, կիսվել է նաև նրանով, թե ինչ սպասումներ ու ակնկալիքներ ունի 2016 թվականից:
Քեզ հանրությունը սկսեց ճանաչել «Ֆուլ հաուս» սիթքոմից, արդյո՞ք այն դերը, որը դու կերտում ես, այն է, ինչ քեզ մոտ լավ է ստացվում։
Իմ կարծիքով` այո, սկզբում մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել, բայց հետո ամբողջությամբ մտա կերպարի մեջ և հասկացա, որ դա իմն է: Բայց ասեմ, որ ոչ մի ընդհանրություն չկա իմ և Էլլայի միջև: Չնայած Գոռ Վարդանյանի ֆիլմում դրական դեր եմ ունեցել, բայց այս անգամ ինձ փորձեցի բացասական կերպարում։ Ասեմ, որ ինձ դուր եկավ: Ես պարզապես սիրում եմ լինել տարբեր։
Հաճա՞խ ես նայում քո մասնակցությամբ սերիաները։
Այո, միշտ, քանի որ պետք է նայես, որ փորձես տեսնել քո սխալները, թերությունները՝ սկսած արտաքինից, վերջացրած խաղով: Ես ինքնաքննադատ եմ և իմ մեջ շատ բան եմ փորձում փոխել: Տաքարյուն եմ, շատ եմ բորբոքվում, բայց ինքս իմ մեջ արդեն հանգստություն եմ եմ մտցրել, ունեմ կամքի ուժ և բավականին համարձակ եմ: Թող մեծամիտ չհնչի, բայց իմ տարիքի համեմատ ես շատ բաների եմ կարողացել հասնել իմ ուժերով: