Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, իր ելույթում նշեց.«Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հյուրեր,
Ողջունում եմ ձեզ Երեւանում համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով: Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիանական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին:Ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, որի արդյունքում ՀՀ-ն համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: Մենք հիմա գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետեւ մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, որ նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու հավակնություններով:Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում: Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, ունենք տուրիզմի 13 տոկոս աճ: Տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեեխնոլոգիական ապրանքների արտահանումը: Առաջին 7 ամսվա տվյալներով, միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34,4 տոկոսով:Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական,նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն: Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են:1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը: 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սեորբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն: 1911 թվականին Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ ֆենը: 1916 թվականին Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը: 1930-ականների Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը:1931 թվականին Ասատուր Սաֆարյանը ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը: 1939 թվականին Լյութեր Գեւորգ Սիմիջյանը ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է, որքան դոլարը, ֆենը, բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը եւ ավտոմատ փոխանցումով ավտոմեքենան: Սա դեռ վերջ չէ, իզուր եք շտապում: