Lragir.am-ը գրում է․
Պաշտոնը թողնելու որոշման մասին է հայտարարել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը․․․Նա հայտարարել է ոչ միայն պաշտոնը թողնելու, այլ դրա պատճառների մասին, դա անհրաժեշտ համարելով որպես հանրային հաշվետվողականության դրսեւորում, եթե պատճառների շարքում չկա պետական գաղտնիք․․․Պետրոսյանը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, որովհետեւ համաձայն չէ կառավարության քաղաքաշինական քաղաքականության հետ՝ լայն իմաստով, եւ անընդունելի է համարում կոռումպացվածության հասնող թայֆայականությունը․․․Սարհատ Պետրոսյանը նաեւ մատնանշում է պաշտոնյաների անուններ, որոնք ըստ նրա ազդում են ոլորտի արդյունավետ քաղաքականության վրա՝ քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներ․․․Ներկա ղեկավարը Վահագն Վերմիշյանն է, իսկ նախկինը՝ Ավետիք Էլոյանը, որն այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է․․․Այդպիսով, արդյոք Սարհատ Պետրոսյանը ոլորտում կոռումպացվածության հասնող թայֆայականության գագաթին պատասխանատու է մատնանշում Տիգրան Ավինյանին․․․Նա նշում է, որ չունի իրավիճակ փոխելու բավարար ազդեցություն եւ այդ իսկ պատճառով թողնում է պաշտոնը․․․Միաժամանակ Պետրոսյանն ակնարկում է Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքը եւ հայտնում, որ իր գնահատականն ու որոշումը չկապեն այդ փաստի հետ, քանի որ հարազատական կապը ամենեւին չի ազդում հայացքների եւ դրանք արտահայտելու վրա․․․
Պետրոսյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր կեցվածքը որեւէ կապ չունի իշխանությունից իր հեռանալու հետ, եւ նշում, որ շարունակում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը գնահատել հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերում․․․Պետրոսյանն ըստ երեւույթին դրանով փորձում է կանխել հնարավոր թիրախավորումը, որ կարող է տեղի ունենալ՝ բարձրաձրած ոլորտային խնդիրների եւ իրողությունների նրա գնահատականից ուշադրությունը շեղելու համար․․․Կադաստրի կոմիտեում արդյունավետ փոփոխություններ են կատարվել, որ արձանագրում էին կոմիտեի հետ շփվող բազմաթիվ քաղաքացիներ․․․Միեւնույն ժամանակ, նա բավականին համարձակ, բաց եւ պատասխանատու կերպով տալիս է գնահատական եւ մատնացույց անում շատ կոնկրետ պաշտոնյաների, ինչը գործնականում հազվադեպ իրողություն է հայաստանյան իրավիճակում․․․Հետեւաբար, Պետրոսյանի բարձրացրած խնդիրներն ունեն լրջագույն հանրային, մասնագիտական անդրադարձի անհրաժեշտություն: Կլինի՞ այդպես, թե՞ ինչպես միշտ․․․