Սերյան Օհանյանը պնդում էր՝զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից

Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021»

զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու

Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։
«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», — նշեց Օհանյանը։
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», — նշեց նա։
Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», — ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», — ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», — ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

«Մենք լուրջ պետք է ուսումնասիրենք այդ զորավարժություններն ու համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ ազգը համախմբել, բանակը զարգացնել ու միջազգային հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ ընդլայնել, հատկապես, ուշադրություն դարձնելով միացյալ զորախմբի հետ մեր բոլոր օպերատիվ մարտական պատրաստության խնդիրներին, նաև՝ ռազմավարական բոլոր պլաններին», — ասաց Օհանյանը։

Ռուսաստանը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի զերծ մնան սադրանքներից։

«Ռուսաստանն ունի պլաններ Հայաստանի վրա բացահայտ հարձակման ժամանակ մեր անվտանգության ապահովման հարցերում, իհարկե, միացյալ զորախմբի կազմում ՀՀ զինված ուժերի հետ միասին: Պետք է մեր գործընկերոջ հետ լուրջ բանակցենք, հարաբերությունները լուրջ հիմքերի վրա դրվի ու, ինչու չէ, հորդորենք, որ ինքն իր առջև դրված խնդիրը կատարի։ Ռուսաստանն այսօր Արցախում խաղաղապահ գործունեություն է ծավալում ու ես կարծում եմ՝ դա մեծ աջակցություն է Արցախի ժողովրդի անվտանգության համար, դրա հետ զուգահեռ՝ նրանք ՀՀ անվտանգութան խնդիրները իրականացնելու են», — հավելեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *