Հիվանդանոցի տնօրենը կալանավորվեց․․․

Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։ ««Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամաբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։

Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: