ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 24-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի։
Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
1) 2023-2024 ուսումնական տարի՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում,2) 2023-2024 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2,5,7,10-րդ դասարաններում,3) 2024-2025 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 3,6,8,11-րդ դասարաններում,4) 2025-2026 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 1,4,9,12-րդ դասարաններում:
Հրամանն ուժի մեջ է մտել մարտի 1-ին։
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափանիշներով սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) սովորողների գնահատման (այսուհետ` Գնահատում) հետ կապված իրավահարաբերությունները։
2. Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
3. Գնահատումը միտված է յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության խթանմանը, ուսուցման և ուսումնառության վերահսկմանը, բարելավմանը և շարունակական զարգացմանը:
4. Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները:
5. Հաստատության կողմից գնահատման ընթացքում սովորողի ուսումնական առաջընթացի, դժվարությունների և բացառիկ ընդունակության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համար:
6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները: